top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Մի Զինվորի պատմություն

Լուսանկարում Կարենն է՝ 44-օրյա պատերազմի մասնակից տղաներից մեկը։ Մի քանի օր է , ինչ Կարենը Սևանի բժշական կենտրոնում է , վիրաբուժական բաժանմունքում` վիրահատվել է։ Աստծո կամքով նրա վիճակը գնահատվում է լավ, շուտով նա դուրս կգրվի: Կարենը դարձել է մեր բոլորի , մեր մեծ ընտանիքի անդամներից մեկը, կարելի է ասել ընտանիքի ամենափոքրը, քանի որ այս պահին բոլորի ուշադրությունը , սերը ուղղված է նրան: Բաժանմունքում ասում են , որ ամեն օրը սկսվում է Կարենի գեղեցիկ և բարի ժպիտով :

Կարենը ծնվել է 06.02.2001թ.-ին Սևան քաղաքի Գագարինավան քաղաքում, սովորել տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել և ավարտել է Սևանի բազմագործառութային պետական քոլեջի տրանսպորտային փոխադրումներ բաժինը: 2019թ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայության Գորիսում՝ որպես դիպուկահար: Պատերազմի առաջին իսկ օրից Կարենը տեղափոխվել է Ջաբրայիլ, հետո ՝ Հադրութ: Պատմում է, որ չի պատկերացրել, թե պատերազմը որքան դաժան և անողոք կարող է լինել ` մինչ այն պահը , երբ կորցրել է իր մանկության ընկերոջը՝ Տիգրան Ղարիբյանին: Հետո ՝ Տիգրանին հաջորդեցին վաշտի մյուս ընկերները… Ասում է ՝ շատ ընկերներ եմ կորցրել ու հետն էլ հուզվում: -Պատերազմից հետո ապրելն ավելի դժվար է դարձել, քանի որ հիշողությունները հանգիստ չեն տալիս, իսկ հիշողություններն ամեն օր են , ամենուր…Երբեմն, ինձ թվում է ՝ հիշողություններից խույս տալու համար, եթե փակեմ աչքերս, ստիպված չեմ լինի տեսնել այն դաժանությունները, որ տեսա մարտի դաշտում, եթե փակեմ ականջներս՝ ստիպված չեմ լինի լսել թնդանոթի խլացնող ձայները, որոնք երբեք չեն լռում, բայց այդ ամենը ընդամենը խաբկանք է, խաբեություն, որը շատ կարճ է տևում, քանզի պարտավոր ես ապրել և հաշտվել իրականության հետ, իսկ իրականությունը այն է , որ մենք կորցրել ենք , շա՜տ բան ենք կորցրել… Կարենը հիշեց նաև, որ պատերազմի օրերին մի քանի օր շրջափակման մեջ են եղել. - Տեղատարափ անձրև էր, տեսանելիություն չկար, չէինք կողմնորոշվում որ կողմ շարժվել, հետո թշնամու հետ առերեսումից և ծանր պայքարից հետո , իհարկե շատ կորուստներով , բայց հաջողվեց դուրս գալ … Մի քանի վայրկյան լռելուց հետո շարունակում է. ֊ Հրաշքով փրկվեցինք...

Երբ հարցրեցինք Կարենին , թե ինչի մասին է ամենաշատը երազում, ասաց , որ շատ է ուզում սեփական բիզնեսն ունենալ, օգնել ծնողներին , իսկ ապագայում՝ ամենակարևոր նպատակներից մեկը ընտանիք կազմելն է և շատ երեխաներ ունենալը։

Կարենն այն մեկ զինվորն է բազում զինվորներից, ում կարող ենք հանդիպել մեր ճանապարհին, առօրյա կյանքում, ու թո′ղ մեր ուշադրությունը մեր զինվորներին լինի ո′չ թե միայն պատերազմի օրերին, այլև յուրաքանչյուր օր: Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն , պարտավորվածություն ունենա նրանց առաջ, ակնածանք ու երախտիք՝ նրանց և նրանց ծնողների առաջ: Նրանք այն սերունդն են, որ դժոխքի միջով անցան, նրանք պայքարեցին արյան գնով, նրանցից շատերն այսօր չկան՝ ընկան հերոսի մահով, իսկ նրանցից շատերն այսօր մեր կողքին են:Նրանք բոլորն են հերոսներ։ Նկատե′ք նրանց, օգտագործե′ք ամեն պատեհ առիթ՝ նրանց աջակցելու, օգնելու, քաջալերելու և ուղղակի նրանց կողքին և ընկերը լինելու համար... Եվ վերջապես` յուրաքանչյուրս պետք է հասկանա ու գիտակցի , որ հողն ամուր պահողը ազատատենչ ու հզոր ոգով մեծացած , դաստիարակված Զինվորն է, ում շնորհիվ մեր ազատության և անկախության երազները հյուսվեցին տատասկոտ ու փշոտ մեր անցած պատմության ճանապարհին, ում շնորհիվ մենք կանք ու կլինենք...

Իսկ մենք մեր Զինվորին մաղթում ենք քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page