top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Հույսի մի շող...

2022թվականի դեկտեմբերի 25-ին Սևանի բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հովիկ Վարուժանի Վերանյանի կրտսեր եղբայրը: Այսօր տնօրեն Արամ Նիկողոսյանի և ողջ անձնակազմի ջերմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների ուղեկցությամբ հերոսի մայրն ու կրտսեր Հովիկը վերադարձան տուն։

Ծնողները նրան անվանել են Հովիկ՝ ի պատիվ ավագ եղբոր, ի պատիվ նրա հավերժող հիշատակի:

Հովիկ Վերանյանը ծնվել է Գագարինավանում 2001թվականի հուլիսի 13-ին: Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջի <<Ծրագրավորում>> բաժնում: Ուսումը կիսատ թողնելով՝ 2019թվականին մեկնել է զինվորական ծառայության: Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Հադրութում՝ մահվան ու թեժ կռվի կիզակետում: Երկու անգամ զինակից ընկերների հետ շրջափակման մեջ է հայտնվել ու հրաշքով փրկվել, բայց արի ու տես պատերազմը չի խնայում ոչ ոքի, ամենակուլ է կռիվը…

Հովիկը զոհվեց հոկտեմբերի 21-ին ահարկու պայթյունից: Նա մեկն էր այն հազարավոր տղաներից, ում համար հայրենիքի կանչը հրամններից գերագույնն ու ամենաբարձրն էր, ում համար հանուն հայրենիքի ապրելն իմացյալ մահվան ճանապարհով անմահանալն էր: Խաղաղ կյանքի կարոտով, ապրելու անհագ ծարավով և դեռևս իղձերի անկատարելիությամբ ` դպրոցի նստարանից մեկ քայլ այն կողմ, նրանք դարձան հերոսներ, հերոսներ, ովքեր կռվից հետ եկան՝ դարձած արծիվ ու խաչքար, եկան հավերժ ապրելու տենչով, եկան՝ դարձած մասունք ու նշխար, եկան մեր սրտի կարոտած կանչով, եկան՝ մայր հողն ու դրոշը գրկած, եկան խաղաղ երկնքով...

Հովիկի մայրը՝ տիկին Հերմինեն, չորս որդիների մայր է՝ հերոսածին մայր: Պատմում է, որ որդու մահվան գույժը սպանեց իր մեջ ապրելու և արարելու կամքը. <<Նրա մահից հետո կյանքն ինձ համար կարծես կանգ էր առել, վիշտս անչափելի ծանրության էր ու ինձ թվում էր վարագուրված մշուշից ելք և ճանապարհ չկա, ցավից ու կսկիծից փրկություն չկա, բայց սրտացավ մարդկանց և իմ բախտակիցների հպարտադեմ վարքն ինձ ուսուցանեց ու համոզեց, որ պետք է ապրել, արիանալ , զավակներ ծնել և մեծացնել, որպեսզի իրենց եղբայրների պայքարը շարունակեն և ամրապնդեն մեր հայրենիքում խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը: Փոքրիկ Հովիկի ծնունդով, երկունքի ցավով ասես կրկին ապրելու իմաստ և հույսի շող ծնվեց: Հիմա արդեն հուզմունք, թախիծ, հիշողություններ, ցավ, անկասելի վիշտ, կրկին մայրանալու բերկրանք, որդուս ասես նորից գրկելու զգացողություններ միախառնվել են իրար։ Վստահ եմ` կգա այն լուսավոր օրը, երբ մեր հերոս որդիների նահատակությամբ հարթած ճանապարհով վստահորեն կքայլեն մեր այսօրվա սերունդները՝ նրանց արյամբ ցողված ու ազատագրված ամեն մի պատառ հողակտոր անաղարտ պահելու գիտակցումով և դաստիրարակությամբ>>։

Սևանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը ` տնօրեն Արամ Նիկողոսյանի գլխավորությամբ, ևս մեկ անգամ շնորհավորում է Վերանյանների ընտանիքին` նոր տարվա տարեմուտին ընտանիքում համալրում ունենալու կապակցությամբ։ Թո'ղ տա Աստված, որ փոքրիկ Հովիկը լինի այն հույսի շողը, որն ուժ կտա ապրելու և ուրախությամբ կլցնի ձեր կյանքի ամեն վայրկյանը։ Թո'ղ այսուհետ բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ, լինեն առողջ և երջանիկ, ունենան անհոգ մանկություն և արևաշատ օրեր, երբեք ականատեսն ու մասնակիցը չլինեն այն արհավիրքի, որ կոչվում է պատերազմ։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page