top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Նոր կյանք, որը ստիպում է ժպտալ, ստիպում է ապրել...

Այսօր Սևանի բժշկական կենտրոնը տուն էր ճանապարհում փոքրիկ Գայանեին և իր մայրիկին` Շուշաննային։ Շուշաննան ծնունդով սյունեցի է, նա 44֊օրյա պատերազմի հերոս Կարեն Գրիգորյանի քույրն է։ Կարենը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նա այն մեկն էր հազարների մեջ, ով կյանքի դիմաց կյանք տվեց, խաղաղության դիմաց ` արյուն։ Նա հերոսի մահով ընկավ 2020թվականի հոկտեմբերի 16֊ ին` Քարվաճառում։ Շուշաննան պատմում է , որ եղբայրը գերազանց առաջադիմությամբ սովորում էր Եվրոպական համալսարանի <<Կառավարում>> բաժնում.այժմ ինքն է սովորում նույն բաժնում, ասում է, որ ուզում է եղբոր կիսատ թողած գործը շարունակել։

Կարենն ուներ առողջական խնդիրներ, որն էլ հիմք էր, որ նրա ծառայությունը հետաձգվեր, սակայն նա` հային բնորոշ համառությամբ, դիմում է ներկայացնում և մեկնում զինվորական ծառայության։ Ասում են` հայրենիքի կանչը միայն հոգով հերոսներին է հասու... Նրա հայրենասիրությունը սահմաններ չուներ, ուրիշ սիրով էր սիրում իր հայրենիքը, հողը, ջուրը, տունը։ Միշտ վրդովվում էր, երբ մարդիկ դժգոհում էին իրենց երկրից, երբեք չէր կիսում նրանց կարծիքը, փոխարենը ըմբոստությամբ պատասխանում էր, որ մեր պահանջի դիմաց մենք ոչինչ չենք արել մեր հայրենիքի համար, կամ եթե արել ենք` այն այնքան քիչ ու չնչին է։ Երևի կյանքից թանկ չգտավ ոչինչ հայրենիքին տալու... խորը հառաչանքով Շուշաննան այսպես էր բնութագրում իր միակ եղբորը։ Շուշաննայի ամուսինը` Արթուր Ավետիսյանը, ևս 44֊օրյա պատերազմի մասնակից է` III կարգի զինհաշմանդամ, մի քանի բարդ վիրահատություններ է տարել` ոտքի, ձեռքի, ողնաշարի և պարանոցի շրջանում։ Կամավորագրվել է պատերազմի հենց առաջին օրվանից, ծառայել է Շուշաննայի եղբոր` Կարենի հետ։ Ասում է` լավ ընկերներ են եղել` հոգու ընկերներ, վերջինը նա է խոսել եղբորս հետ, վերջին պահերին նա է եղել եղբորս կողքին... Պատերազմից հետո Արթուրը որոշում է ծանոթանալ Կարենի ընտանիքի հետ, հետո Աստծո կամքով ընտանիք է կազմում Շուշաննայի հետ` իր վրա վերցնելով ոչ միայն ամուսնու, այլև ` եղբոր և որդու պարտականությունները։

Պատերազմը շատ բան խլեց մեզանից... Հիմա Գայանեն նոր լույս, նոր կյանք և հոգու մխիթարանք կլինի բոլորիս համար, ասում է Շուշաննան` սրբելով չչորացող աչքերը։ Այո', պետք է ապրել` հարկադրաբար ապրել, ապրել նրանց համար , ովքեր քեզ են կյանք տվել, ապրել նրանց համար, ում դու ես կյանք տվել, ապրել բոլոր այն տղաների փոխարեն, ովքեր հավերժի ճամփորդ դարձան ու ետ չեկան...

Մեզ մնում է փոքրիկ Գայանեին մաղթել հեքիաթային և գեղեցիկ մանկություն, իսկ նրա մայրիկին` երջանիկ մայրություն։ Տա' Աստված, որ բոլոր երեխաները լինեն առողջ, անհոգ և ապրեն խաղաղ երկնքի տակ։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page