top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Ի՞նչ է արգանդի պարանոցի սքրինինգային հետազոտությունը։

Արգանդի պարանոցի սքրինինգային հետազոտությունը իր մեջ ներառում է ՊԱՊ֊ թեստ և HPV սքրինինգ կամ co-testing(ՊԱՊ ֊ թեստ + HPV միասին)։

Ինչու՞ պետք է հանձնել HPV և ՊԱՊ֊ թեստ, եթե ձեզ ոչինչ չի անհանգստացնում։

HPV և ՊԱՊ֊ թեստը անհրաժեշտ է հանձնել կանխարգելելու համար արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը,որպեսզի փոփոխությունները հայտնաբերվեն նախաքաղցկեղային փուլում, և մենք հնարավորություն ունենանք բուժել կնոջը։ Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց քաղցկեղային հիվանդությունների շարքում գրավում է II տեղը։ Համաշխարհային ցուցանիշների համաձայն` տարեկան գրանցվում է քաղցկեղի հիվանդացության 464000 նոր դեպք, որի 80%֊ը բաժին է ընկնում զարգացող երկրներին, և դեպքերի 60֊80%֊ը ախտորոշվում է հիվանդության III և IV փուլերում։ Յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 250000 կին մահանում է միայն արգանդի քաղցկեղից։

Ի՞նչ է ՊԱՊ֊թեստը։

ՊԱՊ֊թեստը արգանդի պարանոցից վերցված քսուկի հետազոտման բջջաբանական մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել բջիջների կազմությունը և հայտնաբերել ատիպիկ բջիջները։ Այն արգանդի պարանոցի սքրնինգային հետազոտության շատ կարևոր փուլ է , իրականացվում է երկու եղանակով` ստանդարտ և հեղուկային։ Նախընտրելի է կատարել հեղուկային բջջաբանական քննություն, քանի որ այն ավելի ճշգրիտ է։ Գինեկոլոգիական զննումը հայելիներով մեզ հնարավորություն է տալիս միայն վիզուալ գնահատել արգանդի պարանոցի փոփոխությունները։

Ի՞նչ է HPV կամ մարդու պապիլոմավիրուսը(ՄՊՎ)

Վերջինս հանդիսանում է արգանդի պարանոցի չարաբաստիկ քաղցկեղի առաջացման պատճառը։ Գոյություն ունի ՄՊՎ֊ ի 100 տիպ, որոնք բաժանվում են տարբեր խմբերի` կախված նրանից, թե որ հյուսվածքներն են ախտահարում։Կարող են ախտահարել մաշկը` առաջացնելով գորտնուկներ , անոգենիտալ կոնդիլոմաներ։ Այն ամենատարածված սեռավարակն է։ Աշխարհում մարդկանց գրեթե 80%֊ ը կյանքի ընթացքում վարակվում է ՄՊՎ֊ով ։ Այն մի կողմից խորամանկ մարդասպան է, մյուս կողմից` շատ համեստ և անտեսանելի։ Կանանց մի մասը նրանից մահանում են , մյուսները կարող են նույնիսկ չնկատել , թե երբ վարակվեցին և երբ ապաքինվեցին։ Գոյություն ունեն ՄՊՎ֊ի մեծ թվով տեսակներ, բայց մեզ հետարքիր են միայն օնկոգեն կամ քաղցկեղածին տեսակները, որոնք 14֊ ն են։ ՄՊՎ-ի ամենատարածված և ամենավտանգավոր տեսակներից են քաղցկեղածին 16 և 18 շտամները։ 90% դեպքերում, 12֊24 ամիսների ընթացքում վիրուսն ինքնուրույն` ի շնորհիվ ձեր իմուն համակարգի, արցունքն աչքերին թողնում և հեռանում է օրգանիզմից և միայն 10%֊ի մոտ այն մնում է երկար տարիներ, և այս դեպքում կարող է զարգանալ արգանդի պարանոցի դիսպլազիա, իսկ հետո նաև արգանդի պարանոցի քաղցկեղ։ Որպեսզի զարգանա արգանդի պարանոցի քաղցկեղ, անհրաժեշտ է 10֊20 տարի, այդ իսկ պատճառով էլ արգանդի պարանոցի քաղցկեղն այն վիճակն է, որն հնարավոր է կանխարգելել, եթե ճիշտ ժամանակին դիմեք բժշկի և անցնեք ճիշտ հետազոտություն։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... ՀԱՋՈՐԴԻՎՄԱՍ 2

Իրազեկված լինելու և ավելին իմանալու համար հետևեք մեր էջին։

Մանկաբարձ֊գինելոլոգ` Աննա Ավետիսյան

Ովքե՞ր պետք է անցնեն արգանդի պարանոցի սքրինինգ։

Եթե կինը փոքր է 21տարեկանից, բայց ապրում է սեռական կյանքով ավելի քան 3տարի։ Չպետք է աչքաթող անել այս հետազոտությունը միայն նրա համար, որ դուք երիտասարդ եք, այն համարվում է ոչ թե տարեցների, այլ երիտասարդների հիվանդություն։ Միջին տարիքը հիվանդացության 30֊55 տարեկանն է։ 21֊29 տարիքային խմբին պատկանող բոլոր կանայք ` 3տարին մեկ անգամ միայն ՊԱՊ֊թեստ 21֊65տարեկան բոլոր կանայք, ովքեր ապրում են սեռական կյանքով 35֊65տարիքային խմբին պատկանող կանանց համար գոյություն ունի մի քանի տարբերակ ◇Միայն HPV սքրինինգ` 5տարին մեկ անգամ ◇co- testing (HPV + ՊԱՊ֊ թեստ)` յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ◇միայն ՊԱՊ֊թեստ` 3 տարին մեկ անգամ

Ե՞րբ կարելի է դադարեցնել սքրինինգը

Եթե վերջին 10 տարիների ընթացքում վերջին 3 բջջաբանական հետազոտությունները կամ 2 co-testing֊ի արդյունքները նորմայի մեջ են։ Եթե կան շեղումներ, ապա սքրինինգը շարունակվում է։ Եթե դուք 65 տարեկան եք և վերջին հետազոտությունից անցել է ոչ ավել , քան հինգ տարի։ Եթե 20 տարվա ընթացքում չի հայտնաբերվել CIN, II, III, CIS։

Ինչպես տեսնում եք, հիվանդությունը հայտնաբերելու համար այդքան էլ երկար ժամանակ և մեծ գումար անհրաժեշտ չի։ Սքրինինգը իրականացվում է մինչև 65 տարեկան, իսկ վակցինացիան HPV- ի դեմ մինչև 45 տարեկան` որպես պրոֆիլակտիկայի էֆեկտիվ մեթոդ։

Խորհուրդներ մեր մասնագետից.

մի' վախեցեք այցելել գինեկոլոգի, դա շատ կարևոր է մի' փորձեք բուժվել իմունոմոդուլյատորներով, հակաբիոտիկներով, անհայտ ծագման մոմիկներով, խոտաբույսերով, մեղրով, ինչ֊որ հեղինակային սխեմաներով։ Դա ուղղակի ավելորդ ժամանակի, գումարի և նյարդերի վատնում է։

ՀՀ֊ում արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությունը նվազեցնելու և կանխարգելելու նպատակով` 2015թ֊ից մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային ծրագիրը, որի մեջ մտնում է նաև 30֊60 տարեկան կանանց շրջանում ՊԱՊ քսուքի հետազոտությունը, իսկ 2017թ֊ից նաև ՄՎՊ ֊ն, որը սկզբում նախատեսված էր մինչև 13 տարեկան աղջիկ երեխաների համար, սակայն այսօր 14֊45 տարեկան անձանց ևս հնարավորություն է տրված անվճար պատվաստվելու։

Եղե'ք առողջ և տեղեկացված և հիշե'ք, որ արգանդի պարանոցի սքրինինգային հետազոտությունը փրկում է կյանքեր և կարող է փրկել հենց ձեր կյանքը։

Մանկաբարձ֊գինեկոլոգ` Աննա Ավետիսյան


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page