top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Բժշկությունը որպես կյանք և ապրելակերպ…

Այսօր կխոսենք մեր թիմի պատվավոր անդամներից մեկի՝ բժիշկ թերապևտ Գևորգ Ստեփանյանի մասին:

Գ. Ստեփանյանը ծնվել է 1979թվականին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 2000-2009 թվականներին ուսանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ստանալով բժիշկ թերապևտի որակավորում: Գ. Ստեփանյանը մեր թիմին է միացել 2012թվականից: Աշխատում է որպես թերապևտ, 2018թ-ից միաժամանակ թերապևտիկ բաժանմունքի պատասխանատու , իսկ 2021թ-ից նաև որպես փոխտնօրեն:

10 շրջանակված տարիներ, որոնց ընթացքում նա կարողացավ իր մարդկային որակներով և մասնագիտական կարողությամբ մեծ ճանաչում գտնել և հարգանք վայելել ոչ միայն ողջ Սևանի տարածաշրջանում, այլև հանարապետությունում: Նրա անուն-ազգանունը շատերին է հայտնի: Բյուրավոր է այն մարդկանց թիվը, ովքեր այսօր իրենց կյանքով, իրենց վերականգնված առողջությամբ պարտական են բժշկին: Հաճախ ենք հանդիպում այն մարդկանց , ովքեր երախտագիտության ամենասրտագին խոսքերն ու օրհնանքներն են ուղղում նրան:

Մարդիկ նրան վստահում են, սիրում, նրա ասածը «օրենք է » հիվանդի համար, նա գիտի բժշկել այն պահից սկսած, երբ խոսում է հիվանդի հետ: Նրա հետ զրուցելուց հետո հիվանդը աշխատասենյակից հեռանում է ներքուստ փարատված, թեթևացած և կիսով չափ բուժված: Սա, թերևս, բժշկին բնութագրող լավագույն հատկանիշներից մեկն է :

Դեռևս 2020 և 2021 թվականներին ՝ COVID-19 համավարակով պայմանավորված, Գ. Ստեփանյանը իր ուսերին վերցրեց Սևանի ԲԿ-ում COVID բաժանմունքի պատասխանատուի բարդ և պարտավորեցնող պարտականությունը: Շատերը կվկայեն, որ այդ ծանր ժամանակահատվածում , երբ բժիշկներին տրված էր մի քանի ճակատով պայքարել համավարակի և պատերազմի դեմ, Գ. Ստեփանյանը այն բժիշկների շարքում էր գտնվում, որ գիշեր ու ցերեկ պայքարում էր մարդկային կյանքերի համար՝ մոռանալով տուն և ընտանիք: Քանիցս ականատեսն ենք եղել, թե COVID-19 համավարակի բարդ ընթացքով պայմանավորված՝ հիվանդների վիճակի կտրուկ վատացման ժամանակ, Գ. Ստեփանյանը ինչպես է անհնարը դարձնում հնարավոր: Նա անբասիր նվիրումով ծառայում է ժողովրդին, հասկանալով, որ կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ, այն կարճ է ու անցողիկ , հավերժական են միայն անունն ու գործը:

Շատ քչերին է տրված սեփական անձը երբեք չփառաբանելու և կատարած գործը չբարձրաձայնելու կարողությունը: Այսպիսին է մեր բժիշկ Ստեփանյանը՝ տեսակով լուռ և համեստ, անսահման մարդասեր, անվերապահ բարի ու անձնվեր, անչափելի պատասխանատվությամբ օժտված, խելացի, իր աշխատանքում կայացած: Նրա համար մարդկային կյանքը բարձրագույն արժեք է և ինչպես ինքն է սիրում է ասել . <<Չկա ավելի սուրբ ու նվիրական գործ, քան մարդկանց կրկին կյանքի կոչելն է>>։

Մենք բարձր ենք գնահատում մեր բժշկի մարդ տեսակն ու մասնագիտական կարողությունները, անմնացորդ նվիրումը, հետևողականությունն ու ուշադրությունը աշխատանքի և հիվանդների նկատմամբ։ Նրան մաղթում ենք ևս մի քանի տասնյակ տարիների բեղուն և արգասավոր աշխատանք։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page