Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Sep 29, 2022
- 2 min read
Օրվա խորհրդով… Մի փոքրիկի պատմություն...
Այսօր Սևանի բժշկական կենտրոնում՝ օրվա խորհրդով պայմանավորված, տրամադրությունը մեկ երանգ ուներ, ցավը՝ մեկ անուն` պատերազմ… Բոլորիս համակել էր նույն զգացողությունները` անծայր տխրություն, ցավ և ափսոսանք ։ 2020թվականը ճակատագրի հեգնանքով խլեց մեզանից մի ողջ սերունդ, աղքատացանք` հարստացնելով երկինքը, կորցրեցինք և զրկվեցինք իրենց օրինակը չունեցող և երբեք չկրկնվող կյանքի գույներից ... Դժվար է ընդունել, որ այսուհետ ստիպված ենք նրանց մասին անցյալով խոսել, կառչել հիշողության ծվեններից, փորձել դրանք նշխար առ նշխար փայփայել որպես մասունք, որպես հավերժող շարունակություն, և միևնույն ժամանակ դժվար է գիտակցել, ավելի դժվար՝ ընդունել, որ անառարկելի տրամաբանությամբ անցնող ամեն մի ակնթարթն ավելի է հաստատագրելու այդ սերնդի կորստի անդառնալիությունն ու ընդգծելու նրանց պակասությունը։ Բայց և' հասկանում ենք , որ պետք է ապրել` անհրաժեշտաբար ապրել, լինելու համար ապրել...
Թերևս, ապրելու , լինելու , հարատևության ամենահզոր ուժը մանկան ճիչն է, հայ օջախի շարունակությունն ու ծուխը։ Այսօր էլ բացառություն չէր` Սևանի բժշկական կենտրոնում իր ծնունդով մեզ բոլորիս մեծ ուրախություն էր պարգևել փոքրիկ Մաքսը, ով ընտանիքի 6֊ րդ երեխան է։ Հային բնորոշ համառությամբ, մաքառումով և մեր բժիշկների մեծ ջանքերի շնորհիվ ծնվեց փոքրիկ Մաքսը` հաղթահարելով ծննդալուծման մի շարք բարդություններ ։ Ի դեպ, Մաքսի եղբայրը` Սևանը, այս պահին պարտադիր ժամկետային ծառայության մեջ է գտնվում` կատարելով իր սուրբ պարտքը հայրենիքի հանդեպ։ Նա մասնակցել է սեպտեմբերի 13֊ի և 14֊ ի` թշնամու կողմից սանձազերծված մարտերին։ Փոքրիկ Մաքսի մայրը` Տաթևիկ Մադոյանը, մեծ հպարտությամբ է խոսում իր երեք որդիների և երեք դուստրերի մասին։ Հուզմունք, ուրախություն, թախիծ, հպարտություն , սահմանին կանգնած որդու ճանապարհին սպասող մոր սրտի թրթիռ, կարոտ, կրկին մայրանալու բերկրանք..., այս բոլոր զգացմունքները միխառնվել էին իրար և արտահայտվում էին մեկ կերպ` արցունքներով։ Մենք սիրով շնորհավորում ենք տիկին Տաթևիկին և բոլոր այն հայ մանուկներին, ովքեր ծնվել են այսօր` ապացուցելով, որ հայը եղել է, կա ու կլինի։
Անասելի գերբնական ուժով է օժտված և սերված հայը։ Նրա սնուցող երակը հողն է, ջուրը, քարերն ու լեռները։ Նրա` դարերի գոյությունն արդարացված է մաքառելու, պայքարելու, արարելու , իր հողում տիրոջ իրավունքով ապրելու և այդ իրավունքը պաշտպանելու համառությամբ, հայրենիքի պաշտամունքով, հավատքով։
Ասում են` ամեն սերունդ իր ուսերին է կրում իր ժամանակի պատմական բախտի ծանրությունը։ Ցավոք, այդ բախտի ոլորապտույտ ու խրթին ճանապարհին հային բաժին է հասել «Հողն արյունով պահելու» ճակատագիրը:
Յուրաքանչյուր անհատ պարտական է իր կյանքի ընթացքն ու ուղղին արդարացնել իր ժողովրդի առջև, իսկ ժողովուրդը՝ իր պատմության. Հայրենիքը պետք է ապրեցնել սիրելով , նրան պետք է շնորհել սիրուց ամենազորեղը, պաշտամունքներից՝ ամենաճշմարիտը և մահերից՝ ամենասուրբը…
Վստահ եմ, կանցնի ժամանակ, տարիները կհարթեն կնճիռները երկրիս, կուղղվի կորացած մեջքը, կգա հաղթանակով վավերացված խաղաղությունը, կգա այն լուսավոր օրը, երբ մեր հերոսների նահատակությամբ հարթած ճանապարհով վստահորեն կքայլեն մեր որդիները՝ նրանց արյամբ ցողված ու ազատագրված ամեն մի պատառ հողակտոր անաղարտ պահելու գիտակցումով և դաստիրարակությամբ:
Իսկ այսօր` մեր պարտքն է հիշել նրանց անուն առ անուն, պատմել նրանց սխրանքների, հայրենիքի հանդեպ ունեցած հիվանդագին սիրո և նվիրումի մասին։ Հպարտորեն ծնկի ենք գալիս նրանց անունների և խնկարկելի հիշատակի առջև: Նրանց փառքն ու տառապանքը կսրբացվի դարեր ի վեր՝ դառնալով մեր հպարտության կենսագիրը:
Տա' Աստված , որ այսուհետ բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ, լինեն առողջ և երջանիկ, ունենան անհոգ մանկություն և արևաշատ օրեր, երբեք ականատեսն ու մասնակիցը չլինեն այն արհավիրքի, որ կոչվում է պատերազմ։
Հեղ. Ն. Ղազարյան







_edited_edited.png)



Comments