top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Արդեն 31 տարի... 31 տարի առաջ` այս օրը, Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց որպես անկախ, ժողովրդավար պետություն։

Անկախության բաղձանքն իր շուրջն էր համախմբել մի ողջ ժողովուրդ` այն գիտակցումով, որ հետայսու նրանցից յուրաքանչյուրն է տերն ու պատասխանատուն իր հող ու ջրի, կնքահայրն այն սուրբ գործի, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն։ Այս տարիներն իրենց անբեկանելի կնիքը թողեցին թե' հայոց պատմության և թե' հայ ժողովրդի բազմաչարչար կենսագրության վրա։

Հայ ժողովուրդը արժանապատվորեն կրեց այդ տարիներին իրեն բաժին հասած դժվարությունները, սոցիալ֊տնտեսական ճգնաժամերը, պատերազմների հետևանքները, ունեցավ հաղթանակներ և պարտություններ, վերելքներ և վայէջքներ, ձեռքբերումներ և կորուստներ։ Տարիները կոփեցին նրան, ժամանակը սովորեցրեց ապրել ցավի հետ, ցավ, որն ուժ տվեց, օգնեց հաղթահարելու ամեն դժվարություն, կյանքից տրվող ամեն մի հարված։ Շատ դժվար ճակատագիր տրվեց նրան` օրինակը չունեցող, քանիցս ծնկեց, բայց ուժ գտավ իր մեջ կանգնելու, մեջքը շտկելու։

Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի,թե որքան թանկ գին ունի մեր անկախությունը, այն կրում է այն կյանքերի գինն ու կշիռը, որ ընկան մարտի դաշտում և նվիրեցին մեզ ապրելու և լինելու իրավունք, այն կրում է նրանց երակներով հոսող արյան գույնը` ամեն ժամանակ ազդարարելով մեր պահանջատիրության և վրեժխնդրության կարևորության մասին , այն գինն է սևազգեստ մայրերի չչորացող աչքերի և դառնացած սրտերի , որդու սպասումի, որն այդպես էլ չի արդարացվելու, այն գինն է որբացած երեխաների գողացված երբեմնի երջանկության ու ժպիտի, անհոգ մանկության և հայր ունենալու բաղձանքի, այն գինն է որբևայրի կանանց կորցրած սերերի և սիրված ու երջանիկ լինելու, այն գինն է մեր կրծքի տակ սեղմված ցավի, ապրելու պայքարի, լինելիության, գոյության ... Մենք ամենքս մեր տեղում, մեր աշխատանքով, մեր նվիրումով պատասխանատու ենք մեր անկախ պետականության պահպանման և գոյության համար։

Շնորհավո'ր տոնդ , մեր սրտի հայրենիք։ Մնա' , ապրի'ր, շենացի'ր, հզորացի'ր, շտկի'ր մեջքդ և ամուր կանգնի' ր ոտքերիդ վրա։ Սիրում ենք ու հպարտանում քեզանով։

Խոնարհում և խնկարկություն մեր բոլոր տղաների հիշատակին, ովքեր հանուն մեր անկախության և մեր լուսավոր ապագայի ընկան մարտերում, խոնարհում և երախտիք բոլոր այն տղաներին, ովքեր կանգնել ու շարունակում են կանգնած մնալ սահմանին` կյանքի ու մահվան մեջտեղում։

Սևանի ԲԿ ՓԲԸ տնօրինություն

Հեղ. Ն. Ղազարյան


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page